ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թրամփի ռուսական մոտիվները

Թրամփի ռուսական մոտիվները
22.02.2017 | 00:16

Թրամփի ու Ռուսաստանի պատմության գաղտնիքի բանալին ԱՄՆ նախագահի դրդապատճառներն են՝ գրում է The New York Times-ում Դևիդ Լեոնհարդտը: Ես հաշվել եմ Ռուսաստանին Թրամփի սիրո բացատրության հինգ հնարավոր տարբերակ, որ միմյանց չեն բացառում: Առաջին բացատրությունը Թրամփն է ներկայացրել: Նա ասում է, որ Ռուսաստանի հետ լարվածության թուլացումը ձեռնտու է ԱՄՆ-ին, որը խելացի դիրքորոշում է և այդքան էլ չի տարբերվում Ջոն Քերիի տեսակետից, որ պետքարտուղար էր Բարաք Օբամայի նախագահության օրոք: Քերին Ռուսաստանի՝ սիրիական քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար Ասադի առանցքային դաշնակցի, մասնակցությունը անհրաժեշտ էր համարում՝ Ասադի սպանդին վերջ դնելու համար:

Հաջորդ երեք բացատրությունները դավադրությունների տեսությունից են: Երկրորդ բացատրությունը գործարք է բիզնեսի հողի վրա: ԱՄՆ-ում շատ բանկեր հրաժարվեցին գումարներ տալ Թրամփի պարտքերի մեջ խրված ընկերություններին, նա ստիպված էր այլ տեղ ֆինանսներ որոնել, օրինակ, Ռուսաստանում: Լավագույն բացատրությունը, որ Թրամփը չհրապարակեց իր հարկային հայտարարագիրը, կարող է լինել ենթադրությունը, որ նա բիզնես կապեր ունի Ռուսաստանի հետ և չի ցանկանում բացահայտել:


Երրորդ բացատրությունը քաղաքական գործարքն է, որ հետաքննության առարկա է: Եթե պարզվի, որ Պուտինի կառավարության հաքերային հարձակումը հօգուտ Թրամփի համակարգվում էր նրա նախընտրական թիմի հետ՝ կլինի վատագույն սկանդալը, ավելի, քան ՈՒոտերգեյթը:


Չորրորդ բացատրությունը ամենաերերունն է՝ խոսքը գաղափարի մասին է, որ մասնավոր խուզարկուների կազմած դոսյեում է՝ Ռուսաստանն ունի Թրամփին վարկաբեկող նյութեր: Եթե կոնկրետ ապացույցներ չհայտնվեն, այս գաղափարը մոռացեք: Վերջին հնարավոր դրդապատճառը գաղափարական դաշինքն է, որ ամենատագնապահարույցն է: Պուտինը ոչ միայն «իր երկրում իրավիճակը շատ լավ վերահսկող նախագահ է»՝ ինչպես ոգևորված նկատել էր Թրամփը, Պուտինը նաև «սպիտակների» ազգայնականություն է «վաճառում»՝ ոգևորված քրիստոնեական հավատով, որ իսլամն ու «գլոբալ էլիտաներին» թշնամի է ներկայացնում: ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլն ասում էր, որ Թրամփի երդմնակալության ելույթը «համահունչ էր այն ամենին, ինչ ես բազմիցս լսել եմ ռուս ազգայնականներից»: Սթիվեն Բենոնը, որ Սպիտակ տան ամենաազդեցիկ խորհրդականն է, բացահայտ հավատում է գաղափարական միություններին և ինքը՝ Թրամփը, բաց է դրանց առաջ: Պետք չէ կարծել, որ մենք գիտենք Թրամփի ու Ռուսաստանի հարաբերությունների ողջ պատմությունը, բայց այն ամենը, ինչ արդեն հայտնի է, ամերիկյան շահերի համար շոկային վտանգ է: Սենատի հանրապետական մեծամասնությունը և ՀԴԲ-ն պետք է շարունակեն իրենց հետաքննությունն առանց բարեկամական ակնածանքի, որ մինչև հիմա դրսևորել են Թրամփի նկատմամբ: Այլապես ճշմարտությունը բացահայտելը կմնա հայրենասեր լրատուների ու լրագրողների հույսին:
Դևիդ ԼԵՈՆՀԱՐԴՏ, The New York Times


Հ.Գ. ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, այնուամենայնիվ, չեն ստացվում: Պատժամիջոցները մնում են, Թրամփ-Պուտին հանդիպումը չի կայացել դեռ, տարբերվում են ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տեսակետները ՈՒկրաինայի ու Սիրիայի ապագայի հարցում: Հանգստյան օրերին Մյունխենում Ռուսաստանի համար Թրամփի բարենպաստ հայտարարությունները սրբագրեց ԱՄՆ փոխնախագահը՝ գրում է Le Figaro-ում Իզաբել Լասերը: Դա Թրամփի թիմի առաջին եվրոպական բեմելն էր և ամեն տարի Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հավաքվող դիվանագետներն ու մարտավարությունները մշակողները անհամբեր սպասում էին: Խորհրդակցությունների, երկկողմ հանդիպումների, Bayerischer Hof հյուրանոցում փակ հանդիպումների երեք օրերից հետո պետք է արձանագրել, որ ԱՄՆ իրավասու անձինք ոչ կարողացան համոզել իրենց եվրոպացի դաշնակիցներին, ոչ իրենց մտադրությունները բացատրել իրենց հակառակորդներին: Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև վստահության ճգնաժամը Մյունխենում բնավ չթուլացավ՝ մի կողմից նախագահի վարքագծի աչք ծակող հակասությունները, մյուս կողմից` նրա նախարարների ու խորհրդականների, տպավորություն են ստեղծում, որ Վաշինգտոնում իշխում է քաոսը: Անկասկած, ամենավշտացած հեռացողը Մյունխենից Ռուսաստանն էր: Թրամփի Սպիտակ տուն գալով Կրեմլը արմատական փոփոխությունների հույս ուներ ռուս-ամերիկյան հարաբերություններում, պատժամիջոցների վերացում, Ղրիմի անեքսիայի ճանաչում և նույնիսկ հրաժարում ՆԱՏՕ-ից, որ Դոնալդ Թրամփը համարել էր «հնացած»: Սակայն Կոնգրեսի և Թրամփի շրջապատի դիմադրությունը, Ռուսաստանի միջամտությունը նախընտրական արշավին և Մայքլ Ֆլինի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի հրաժարականի սկանդալը չափավորեցին ամերիկյան խոստումները: Այս պահին ռուսական հույսերի վրա սառը ցնցուղ բացվեց:

Ոչ միայն դեռ ոչ մի «գործարք» չի առաջարկվել Վլադիմիր Պուտինին, այլև հակառակը՝ Մայք Փենսը զգուշացրեց, որ Ռուսաստանը «պատասխանատու» է համարվում ՈՒկրաինայում իր գործողությունների համար և Վաշինգտոնը չի ճանաչում Ղրիմի անեքսիան: Իսկ հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը խոստացավ, որ 2017-ը ԱՄՆ Կոնգրեսում կդառնա Ռուսաստանին աքացիների տարի: «ԱՄՆ նոր ղեկավարները սկսում են նախորդ վարչակարգի բացասական հրահանգները վերարտադրել»՝ տրտնջաց Կոնստանտին Կոսաչևը՝ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահը: Անթաքույց հիասթափություն կար և Սերգեյ Լավրովի պահվածքում, նրա խոսքը անսովոր կարճ էր ու սովորական: Պուտինի դիվանագիտության ղեկավարը մի քիչ ոգևորվեց, երբ հայտարարեց, որ սկսվել է «հետարևմտյան աշխարհակարգ» ու մեղադրեց ՆԱՏՕ-ին, որ ալյանսը մնում է «սառը պատերազմի ինստիտուտ», «ամբողջ աշխարհի նկատմամբ էլիտար խմբի իշխանության» սիմվոլ: Մոսկվան իր համար պարզել է գլխավոր գաղափարը՝ ԱՄՆ նոր վարչակարգի ընդերքում Դոնալդ Թրամփը միակն է, որ ցանկանում է իրական մերձեցում Պուտինի Ռուսաստանի հետ, խորհրդականներն ու նախարարները շատ ավելի հոռետես են: ԱՄՆ նոր նախագահի անտեղի թվիթների հասցրած դիվանագիտական կորուստները հաղթահարելու՝ Թրամփի խորհրդականների փորձերը իրականում հաջող չէին: Ֆրանսիացի դիվանագետներից մեկը նկատեց՝ եթե Մյունխենում ամեն ինչ այդքան խճճված էր, նաև այն պատճառով էր, որ Մյունխենում չէին երկու մարդ, որ ընդունում են վերջին ատյանի որոշումները և ռուսական արտաքին քաղաքականության և ամերիկյան դիվանագիտության, և ՆԱՏՕ-ի ապագայի հարցում՝ Պուտինն ու Թրամփը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ